Հայտնի է Լեհաստանի նոր կառավարության կազմը. փոխվել է միայն վարչապետը
Լեհաստանի խորհրդարանի պատգամավորները վստահություն են հայտնել Մատեուշ Մորավեցկոյի գլխավորած նոր նախարարների կաբինետին, ինչը երկրում կառավարության փոփոխության համար անհրաժեշտ վերջին գործընթացն էր՝ նախատեսված Լեհաստանի օրենսդրությամբ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նոր կառավարությանը կողմ է քվեարկել 243 պատգամավոր, դեմ՝ 192, ձեռնպահ պատգամավորներ չեն եղել:
Նշենք, որ անցյալ շաբաթ Լեհաստանի արդեն նախկին վարչապետ Բեատա Շիդլոյի գլխավորած կառավարությունը հրաժարական էր ներկայացրել, ինչից հետո երկրի նախագահ Անջեյ Դուդան վարչապետի պաշտոնի համար առաջարկել է իշխող կուսակցությունից Մատեուշ Մորավեցկոյի թեկնածությունը, որն ավելի վաղ զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը:
Հայտնի է, որ կառավարության կազմում որևէ նախարար չի փոխվել, միակ փոփոխությունը Մորավեցկոյի և Շիդլոյի պաշտոնների «փոխանակման» մեջ է՝ Շիդլոն այսուհետ կստանձնի փոխվարչապետի պաշտոնը:
