Թուրքիայի 34 նահանգում միաժամանակ գործողություններ են ձեռնարկվել գյուլենականների դեմ
Թուրքիայի 34 նահանգում ոստիկանությունը միաժամանակյա լայնամասշտաբ գործողություններ է ձեռնարկել հեղաշրջման փորձից ի վեր շարունակվող անվտանգության միջոցառումների շրջանակում:
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, 34 նահանգում իրականացված խուզարկումների արդյունքում դատախազությունը որոշումներ է կայացրել 70 գործող զինվորականի ձերբակալության մասին: Հայտնի է, որ նրանցից 4-ը ենթասպա են, 66-ը՝ սպա:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի հուլիսի 15-ից ի վեր Թուրքիայում աշխատանքից զրկվել է բանակի, բանկերի, ոստիկանության, նախարարությունների, համալսարանների 142.241 աշխատակից: Նրանցից միայն 1.141-ն է ամիսներ անց կարողացել վերադառնալ իր աշխատանքին:
2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
