Ե՞րբ է պետությունը վերջ դնելու Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը խոչընդոտելուն. Փայլանը Մեջլիսում բարձրացրել է պատրիարքի ընտրության հարցը
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրացրել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցն ու գրավոր հարցում հղել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ պահանջելով բացատրել, թե ինչու է պետությունը շարունակում խոչընդոտել գործընթացին՝ սահմանափակելով պոլսահայ համայնքի՝ հոգևոր առաջնորդ ընտրելու իրավունքը, որն ամրագրված է նաև Լոզանի պայմանագրով:
Ինչպես ներկայացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, Փայլանը շեշտել է, որ Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից ընտրության համար նախատեսված ժամկետները դեկտեմբերի 10-ն ու 13-ն էին, որի համար իրենք գրավոր դիմում էին ներկայացրել Ստամբուլի նահանգապետարան ու ՆԳՆ, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Փայլանը, մամուլում պարբերաբար շահարկվել է այն լուրը, թե Ստամբուլի նահանգապետը դեմ է եղել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի թեկնածությանն ու խորհուրդ տվել կենտրոնանալ Ստամբուլում գտնվող մյուս երկու եպիսկոպոսների՝ Արամ Աթեշյանի ու Սահակ Մաշալյանի թեկնածության վրա:
Մեջլիսի ամբիոնից Կարո Փայլանը ՆԳ նախարարին է հղել 5 կետից բաղկացած իր հարցումը.
1. Ո՞րն է պետության կողմից Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին միջամտելու հիմքը:
2. Արդյո՞ք Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինն իսկապես միջամտում է գործընթացին, ինչպես նշվել է մամուլում:
3. Ո՞րն է ընտրության գործընթացի ձգձգման իրական պատճառն այն դեպքում, եթե հայ համայնքն իր ներսում դրա անցկացման վերաբերյալ հասել է համաձայնության՝ ներքին հաշտության միջոցով:
4. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե Արևմտյան Թրակիայի մահմեդականները չեն կարողանում հոգևոր առաջնորդ ընտրել, և դա Հունաստանի կողմից Լոզանի պայմանագրի կոպիտ խախտում է: Այս հայտարարության ֆոնին ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայում հայ համայնքի՝ տարիներ շարունակ պատրիարքի ընտրության հարցում հանդիպած խոչընդոտները:
5. Ե՞րբ է պետությունը վերջ դնելու Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը խոչընդոտելուն:
Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:
2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքի ընտրությունների կազմակերպմանը։
Ընտրությունների անցկացման համար նահանգապետարանը պետք է պատասխան հղեր համայնքին մինչև հոկտեմբերի 9-ը, սակայն սպասված պատասխանը մինչ օրս չկա:
