Թրամփը հրեաներին շնորհավորել է Հանուկայի առթիվ ու աջակցություն հայտնել Իսրայելի ժողովրդին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրեաներին շնորհավորել է սրբազան Հանուկա տոնի առթիվ ու իր աջակցությունը հայտնել Իսրայելի ժողովրդին:
Իր թվիթերյան գրառման մեջ 71-ամյա ղեկավարը հույս է հայտնել, որ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հրեաներն «առաջիկա 8 օրերը կանցկացնեն երջանիկ՝ իրենց սիրելիների հետ»:
Հայտնի է, որ Հանուկան հրեական տոն է՝ նվիրված Երուսաղեմի Երկրորդ սուրբ տաճարին նվիրվածությանը։ Հանուկան տոնում են ութ օր ու գիշեր՝ սկսելով հրեական քիսլեվ ամսի 25-րդ օրից, որը կարող է համընկնել նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի վերջը հանդիպող ժամանակահատվածին։ Տոնը սկսում են 9-տեղանոց մոմակալի կամ մենորայի մեկ մոմը վառելով և շարունակելով ամեն հաջորդ օրվա երեկոյան ևս մեկական մոմ վառել։
Ավելի վաղ Թրամփը հրեաների համար սրբազան Հանուկա տոնի կապակցությամբ մեծ ընդունելություն էր կազմակերպել Սպիտակ տանը:
«Երուսաղեմն իմ սրտում է: Այս պահին մտածում եմ Իսրայելի և Երուսաղեմի նկատմամբ տածած սիրո մասին: Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետնորդներն անտանելի հալածանքների ու ճնշումների են ենթարկվել: Բայցևայնպես, չկա մի ուժ, որը կարողացել է թուլացնել ձեր ոգին, և մի չարիք, որը վերացրել է ձեր հավատը: Ահա թե ինչու է հրեա ժողովուրդն աշխարհի բոլոր ազգերի մեջ լույսի պես շողում»,-ասել էր նա:
Հիշեցնենք, որ Թրամփը դեկտեմբերի 6-ին պաշտոնապես հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ու ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխելու որոշման մասին:
«Վստահ եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Մինչ նախկին նախագահները միայն խոստումներ էին տալիս այս մասին, սակայն իրենց խոսքը չէին պահում, ես պատրաստ եմ դա անել: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Այս փաստի ճանաչումը ոչ ավելին է, քան իրականության ընդունում»,-հայտարարել է Թրամփը:
Բազմաթիվ պետությունների ղեկավարներ շտապել են քննադատել այս որոշումը՝ նախազգուշացնելով, որ դա կսադրի Պաղեստինի հետ խաղաղ բանակցային գործընթացը:
1948թ. Իսրայելի հիմնադրումից ի վեր ԱՄՆ-ն դարձել է նման հայտարարությամբ հանդես եկած աշխարհում առաջին երկիրը:
Հայտնի է, որ Պաղեստինը ցանկանում է Երուսաղեմի արևելյան հատվածում ապագա անկախ պետության մայրաքաղաքը հիմնել, սակայն Թրամփի որոշումից հետո դա, գրեթե, անհավանական կլինի:
