Սաակաշվիլին տապալել է իր դեմ գործի շրջանակում նշանակված հարցաքննությունը
Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խափանել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունում նշանակված հարցաքննությունն ու հեռացել շենքից՝ այդպես էլ ցուցմունք չտված, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշենք, որ Սաակաշվիլին պետք է ներկայանար հարցաքննության՝ հանցավոր խմբավորումներին աջակցելու մեղադրանքով իր դեմ հարուցված գործի շրջանակում:
Սակայն Օդեսայի նախկին նահանգապետը եկել է դատախազություն, շփվել լրագրողների հետ և հեռացել: Դատախազ Ալեքսանդր Գովորուշչյակի պնդմամբ՝ Սաակաշվիլին պետք է ներկայանար քննիչների աշխատասենյակ, սակայն նա հատել է միայն դատախազության շենքի անցակետը և հրաժարվել մտնել հարցաքննության:
«Սաակաշվիլին տապալել է քննչական գործողությունների անցկացումը»- լրագրողների հետ զրույցում ասել է Գովորուշչյակը:
Հայտնի է, որ Սաակաշվիլիից կրկին կպահանջեն ներկայանալ դատախազություն:
Հիշեցնենք, որ նախօրեին Սաակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցրել են Կիևի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատը:
Ակտիվիստները կոտրել են մուտքի դուռն ու տապալելով կառույցի ներսում գտնվող ազգային գվարդիայի դիմադրությունը՝ ներխուժել են շենքի տարածք: Իրավապահները կրակմարիչներ են կիրառել ակտիվիստների դեմ: Ցուցարարները պալատից մի քանի գվարդիականի են դուրս բերել՝ ամբողջությամբ կրակմարիչի սպիտակ փրփուրով պատված:
Գրոհի ընթացքում նաև 3 ուժեղ պայթյուն է հնչել:
Սաակաշվիլիին Կիևի դատարանն ազատ էր արձակել դեկտեմբերի 11-ին: