Ալիևը ոտքը կախ էր գցել Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմելու համար. քաղաքական փիարի մասնագետ
Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումից հետո հնչած միասնական հայտարարության հաղորդագրությունները երկու երկրների լսարանի համար տարբեր են. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական փիարի մասնագետ Հայկ Կիրակոսյանը՝ խոսելով երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո արված հայտարարության տեքստի մասին:
«Միևնույն տեքստը Ադրբեջանը ներկայացնելու է որպես հաղթանակը երաշխավորող գրություն: Հայաստանում ամպագոռգոռ բառեր անպայման կհնչեն, կասվեն, որ շատ լավ էր, քանի որ ժամանակավոր խաղաղություն ենք ձեռք բերել և այսպես կանցնի, կգնա: Բայց այս ամեն ինչում ամենավատն այն է, որ այդ հայտարարությունը և հանդիպումը ամրագրեցին մեր տարածքների կորուստը. քանի մետր, սանտիմետր կլինի կորուստը, միևնույնն է կորուստ է, պարտություն: Թեկուզ մարտը պարտվելը պատերազմը տանուլ տալ չէ, բայց տեղային պարտությունը պետք է ընդունեինք և՛ մարդկային կորուստներով, և՛ տարածքային կորուստներով, և՛ զինամթերքի»,- ասաց նա։
Ըստ Հայկ Կիրակոսյանի՝ հանդիպումն առաջին հայացքից կողմերին վերադարձնում է բանակցությունների սեղան։ «Բայց իր հետևից փակում է դուռը պատերազմական ճանապարհով Ադրբեջանի կողմից ձեռք բերված տարածքների վրա մեր հավակնություններին,- ասաց նա՝ շարունակելով,- ժպտալով համակերպվում են տարածքների կորուստների հետ, դրա փոխարեն արձանագրելով, որ գոնե ժամանակավոր հարաբերական հանգիստ շահեցինք, որը 25 տարի ունեինք, բայց ինչպես տեսնում ենք՝ ընդհանրապես չի տնօրինվում»:
Քաղաքական փիարի մասնագետը վերլուծեց նաև նախահագների կեցվածքը հանդիպման ժամանակ։ «Եթե նայում ենք նախագահ Սարգսյանի կեցվածքին, նկատում ենք, որ բավական մարտական էր տրամադրված, և ես գտնում եմ, որ ստեղծված իրավիճակում գովելի է։ Սակայն այն, որ ամբողջ խնդիրը դրված է մեր նախագահի ուսերին, դիվանագիտական կառույցի կատարյալ պարտությունն է, մեր խայտառակությունը: Ի դեպ, միայն մեր դիվանագիտական կառույցն է դրական արձագանքել այս հանդիպմանը՝ սա լավ էր, ձեռքբերում էր, բայց դրանք իմպոտենտ քաղաքական կառույցի հայտարարություններ են, որոնք պտուղ տալու ունակ չեն»,- ասաց Հայկ Կիրակոսյանը՝ նշելով, որ նույն կառույցի անգործության պատճառով պատասխանատվություն են կրում զինվորականները, Հայկական բանակը:
Հայկ Կիրակոսյանն ուշադրություն հրավիրեց եռակողմ հանդիպման ընթացքում նախագահների արարողակարգային ձեռքսեղմումներին։ «Եթե Պուտինն առաջինը ողջագուրվեր Սարգսյանի, հետո նոր Ալիևի հետ, ապա հավանականությունը, որ Սարգսյան-Ալիև ձեռքսեղմումը տեղի կունենար, հավասարվում է զրոյի, որովհետև տեսանյութում ակնհայտ երևում է, որ Ալիևը ոտքը կախ է գցում, աչքի պոչով նայում է Սերժ Սարգսյանին, թե երբ կվերջացնի Պուտինին հրաժեշտ տալը, որպեսզի ձեռքը մեկնի և հրաժեշտ տա: Եթե մնար Սերժ Սարգսյանին, որ ինքը ձեռքը մեկներ, հրաժեշտ տար, անգամ պրատակոլային խախտում կարող էր լինել, ինչը տարբեր խոսակցությունների առիթ կտար: Ալիևը ոտքը կախ էր գցել Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմելու համար»,- ասաց նա:
