Եթե ուզենայի կորոնավիրուսից փախչել, ինձ թվում է՝ ես Դանիայից դեպի Հայաստան կգայի, ոչ թե հակառակը. Տաթևիկ Ռևազյան
Ես 8 ամսական հղի եմ, իմ ընտանիքը Դանիայում է, և ես որոշել եմ դեկրետը անցկացնել ընտանիքիս կողքին. այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Եվ եթե ես ուզենայի կորոնավիրուսից փախչել, ինձ թվում է՝ ես Դանիայից կփախնեի դեպի Հայաստան և ոչ հակառակը. Ստեղ վիճակը շատ ավելի վատ է»,-ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե չի՞ վստահում հայաստանյան առողջապահության համակարգին և ուզում է Դանիայո՞ւմ ծննդաբերել, Տաթևիկ Ռևազյանն ասաց. «Իրականում հակառակը. երեկ հիվանդանոց եմ գնացել, ընդհանրապես նույն տեխնիկան չունեն, ինչպես Հայաստանում, բժիշկները նույն կերպ ուշադիր չեն, ինչպես Հայաստանում: Ես զուտ ուզել եմ իմ ընտանիքը կողքին լինել, ես սովոր եմ հեռակա աշխատանքի էլ: Ես հիմա պաշտոնապես դեկրետում եմ, բայց ամեն օր կոմպյուտերի առաջ աշխատում եմ: Միչև քաղավիացիա ընդունվելը ես աշխատում էի Հայաստանում՝ ամերիկյան ընկերությունում, և ամեն օր իմ շփումը այսպիսին էր»,-մանրամասնեց նա:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք ՀՀ-ում գրանցված ընկերություններին դեպի ԵՄ չվերթներն արգելափակող որոշումից հետո մեր քաղավիացիան շանս ունի՞ դեպի Եվրոպա կրկին չվերթներ իրականացնելու, Տաթևիկ Ռևազյանը դրական պատասխան տվեց:
«Բայց մենք պարտավոր ենք մեր խնդիրները լուծել, պարտավոր ենք նոր մտածելակերպով աշխատել, մի քիչ թողնել էս ընկերական միջավայրը, բոլոր հարցերը բանավոր լուծելու սովորությունը»,-ասաց նա:
Տաթևիկ Ռևազյանն ասաց, որ ավիաընկերությունների, այդ թվում՝ լոուքոսթերների հետ մշտական կապի մեջ են, և երբ կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրներից հետո պատրաստ լինեն չվերթները վերականգնել, քաղավիացիան կաջակցի, որ դա արագ արվի:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք այս իրավիճակը ցույց չի տալիս, որ անհրաժեշտ է ունենալ ազգային ավիափոխադրող, Տաթևիկ Ռևազյանն ասաց. «Անհրաժեշտ է, որ մենք ունենանք տեղական փոխադրողներ, այսինքն՝ էդ կոչումը որևէ ձևով չի փոխում իրավիճակը մեր պետության համար: Եթե մենք ունենայինք ազգային ավիափոխադրող, որը ֆինասվորված կլիներ պետության կողմից, այս իրավիճակում պետությունը լուրջ գումարներ էր կորցնելու: Իսկ հիմա ավելի սահմանափակ է կորուստը»,-եզրափակեց նա: