Իր մեքենայում բնակվող 70-ամյա անօթևան ամերիկուհին կարողացել է նոր տուն տեղափոխվել՝ երկու անծանոթ կանանց շնորհիվ, որոնք անտարբեր չեն մնացել
Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում բնակվող անօթևան կինը, որը երկու տարի շարունակ իր երկու շների հետ գիշերում էր մեքենայում, անծանոթ կանանց օգնությամբ կարողացել է տեղափոխվել նոր բնակարան:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 70-ամյա Լին Շուցմանը թոշակի անցած դեղագործ է, որն իր տունը կորցրել է բազմաթիվ առողջական խնդիրների հետևանքով կուտակված բժշկական ծախսերի պատճառով: Հիվանդությունների դեմ պայքարելու հետ մեկտեղ նա կորցրել է ամուսնուն:
Այնուհետև չի կարողացել վճարել որևէ նոր կացարանի համար, իսկ անօթևանների կացարաններում շներին չեն ընդունում, ինչից հետո ամերիկուհին ստիպված սկսել է գիշերել իր մեքենայում:
Հենց այդ մեքենան էլ գարնանը նկատել էին ընկերուհիներ Ջենիֆերը և Մելիսան, որոնք հետաքրքրվելով պարզել են, թե ինչու է կինը մեքենայում բնակվում: Նրանք դրամահավաք են կազմակերպել GoFundMe կայքում:
Մինչ տան համար անհրաժեշտ գումարը կհավաքվեր, նրանք հարևանների օգնությամբ Լինին տեղավորել են հյուրանոցում, այնուհետև նրա համար ձեռք բերված տունը կարգի բերել ու կահավորել այն սեփական ձեռքերով: Իր նոր բնակարան մտնելիս ամերիկուհին չի կարողացել զսպել արցունքները: Այժմ նա արդեն մի քանի ամիս է, ինչ բնակվում է նոր տանը, որի երկու տարվա վարձը մուծված է: