Շնորհակալ եմ, շատ. Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ 45000 դոլարը հավաքվել է (տեսանյութ)
Ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի՝ արտերկրում վիրահատության համար մեկնարկած դրամահավաքի արդյունքներով հանգանակվել է անհրաժեշտ 45000 դոլարը՝ նաև հարկերը։
Հանգանակված գումարը կազմել է 49050 դոլար,որից 4050 դոլարը կազմում է հարկը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնում են զինծառայողն ու հանգանակությունը նախաձեռնողներից Թագուհի Օհանյանը։
«Անհայտ բարերարը նվիրաբերել է 1010 դոլար և ամբողջացրել անհրաժեշտ գումարը։ Շնորհակալ ենք»,-ասել է Թագուհի Օհանյանը։
«Շնորհակալություն,շատ,շատ,շատ։Այսքան շուտ, 9 օրվա մեջ... չէի պատկերացնում»,–տեսանյութում ասում է նաև Ալբերտ Դալլաքյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման համար անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ: Նախարարը հայտնել էր, որ զինծառայողի բուժման համար 45 000 դոլար է պահանջվում, որի 10%-ը կտրամադրեն ինքն ու իր ընկերները: Այնուհետև 11000 դոլար ևս նվիրաբերել էին նախարարի երկու ընկերը,իսկ մնացած գումարը հավաքվել է այլ քաղաքացիների կողմից փոխանցվելով հաշվեհամարին։