Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև համաձայնագիրը ենթադրաբար մեր երկրում ազդելու է բենզինի շուկայի վրա. Տիգրան Ավինյան
Այսօր կառավարության նիստին ընդունվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկության վերաբերյալ նախագիծը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությունն է:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորեց նախագիծը, նշեց որ այս հարցի շուրջ երկար է բանակցվել և սա ենթադրաբար ազդելու է Հայաստանի բենզինի շուկայի վրա: Նա պարզաբանեց, որ նախագծով հնարավորություն է տրվելու՝ ղազախական վառելիքը որոշակի բարելավված պայմաններով ներկրվի Հայաստան։ Նա նշեց, որ սա մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծելու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Սա մեր քաղաքական հանձնառությունն է, որ մենք Հայաստանից մինչև վերջ և անմնացորդ որևէ արհեստական մենաշնորհ թույլ չտանք, քանի որ դա առաջին հերթին ազդում է սպառողների իրավունքենրի պաշտպանության վրա»:
Վարչապետը անդրադարձավ բենզալցակայաններում վաճառվող բենզինի քանակին և որակին՝ նշելով, որ եթե քաղաքացին իր մեքենան լիցքավորում է հինգ լիտր պրեմիում բենզին, պետությունը պետք է երաշխավորի, որ այդ հինգ լիտրն իրո՛ք, հինգ լիտր է, իսկ պրեմիումը՝ իրոք պրեմիում: «Մենք նաև օրենսդրական փոփոխություններ արեցինք, քանի որ աբսուրդ վիճակ էր. եթե պետք է բենզալցակայան գնաս-ստուգես՝ ճիշտ է լցնում, թե ոչ, երեք օր առաջ այդ մասին պետք է զգուշացնես»,-ասաց նա:
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էլ նախագծի հետ կապված դիտարկումներ արեց․ «Ուզում եմ հստակ արձանագրել, որ ՀՀ տարածքում որևէ տնտեսվարողի համար պետական որևէ խոչընդոտ չկա։ Բայց, այո՛, շուկայում խնդիրներ կան՝ մի շարք հանգամանքներով պայմանավորված։ Այս նախագիծն այնքանով է կարևոր, որ մինչ օրս ՌԴ-ից բերվող դիզվառելիքը և բենզինը ևս ազատված են արտահանման մաքասատուրքից։ Ըստ էության՝ սա հավասար պայմաններ կստեղծի նաև այլ շուկաներից բերելու համար։ Կարծում եմ՝ տնտեսվարող սուբյեկտները կկարողանան ավելի մեծ ծավալի ու ավելի հավասար պայմաններում բենզին ներկերել, ինչը շուկան կդիվեսիֆիկացնի»,- ընդգծեց Գեղամ Գևորգյանը։