Թուրք իրավապահները Սաուդյան Արաբիայի հյուպատոսությանը պատկանող մեքենա են գտել, որով կարող են տեղափոխած լինել սաուդացի լրագրողի մարմինը
Թուրք իրավապահները Ստամբուլի Սուլթանգազի թաղամասում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությանը պատկանող մեքենա են հայտնաբերել, որով կարող էր հյուպատոսության շենքից դուրս բերված լինել սպանված սաուդացի լրագրող Ջամալ Խաշուկջիի մարմինը, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Մեքենան գտնվել է ստորգետնյա ավտոկայանատեղիներից մեկում, հայտնի է, որ այն այնտեղ է թողնվել լրագրողի անհետացումից 14 օր անց:
Ենթադրվում է, որ մեքենան վարել է հյուպատոսարանի թուրք վարորդը, որին սպանությունից հետո հանձնարարված է եղել ազատվել Խաշուկջիի մարմնից: Ըստ շրջանառվող վարկածներից մեկի՝ սպանված լրագրողի մարմինը փաթաթել են գորգի մեջ ու դուրս բերել հյուպատոսարանի տարածքից:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշուկջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը հայտարարել է, որ լրագրողը մահացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում վեճի ժամանակ: Այս գործով ձերբակալվել է 18 սաուդացի, ինչպես նաև պաշտոններից ազատվել են գահաժառանգ արքայազնի գլխավոր օգնականները, այդ թվում՝ ընդհանուր հետախուզության ծառայության ղեկավարի տեղակալ Ահմեդ Ասիրին: